ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Դժգոհության կամ բողոքի քվեն ընտրողները տվեցին Րաֆֆի

«Դժգոհության կամ բողոքի քվեն ընտրողները տվեցին Րաֆֆի
19.04.2013 | 00:39

Հայաստանում ընդդիմությունը հերթական անգամ տապալվեց: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցում ենք Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:

-Պարոն Բարսեղյան, կխնդրեի Ձեր գնահատականը մեր ընդդիմությանը: Այն տպավորությունն է, թե իշխանությունն արդեն քանի տարի «դրսում դրած է», ընդդիմությունը չի կարողանում վերցնել այն:
-Ավտորիտար երկրներում երբեք նման իրավիճակ չի կարող լինել: Հայաստանը կատարյալ ավտորիտար երկիր չէ, բայց մերձավտորիտար է: Իսկ նման ռեժիմներ ունեցող երկրներում իշխանությունը երբեք «դրսում դրված չէ»: Գուցե իշխանության հասցեին արված բուռն կամ լայնածավալ քննադատություններից է նման տպավորություն ստեղծվում, սակայն իշխանությունը նաև մարտի 1-ին ապացուցել է, որ ինքն ատամներով է իշխանությունը պահում, ոստիկանական ուժեր է օգտագործում, բանակն է պատրաստ օգտագործելու: Կան վերլուծաբաններ, որ կարծում են, թե ընդդիմությունը պետք է միավորվի, դառնա մեկ միասնական ուժ, որ կարողանա հարցեր լուծել: Սակայն ընդդիմությունն էլ պետք է բազմազան լինի: Այնուամենայնիվ, իշխանությանը հաջողվում է ընդդիմությանն անհամեմատ թույլ պահել, քան անհրաժեշտ է իշխանափոխության համար: Դա իշխանության պահպանման գերագույն սկզբունքներից մեկն է, և այդ հարցում մեր իշխանությունը հաջողում է:
-Ի վերջո, ցանկացած երկրում էլ քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, և իշխանության խնդիրն ընդդիմությանը թուլացնելն է, իսկ ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ:
-Համաձայն չեմ: Այլ բան, որ իշխանության ցանկությունն է մնալ իշխանության ղեկին: Չեմ կարծում, թե ցանկացած երկրում անօրինական եղանակներով ընդդիմությանը թուլացնելն իշխանության բուն գործառույթներից է: Իշխանությունն իրավունք ունի անելու միայն այն, ինչ սահմանված է գործող օրենսդրությամբ: Որևէ երկրի օրենսդրությամբ նման բան ամրագրված չէ: Երբ ինչ-որ մեկն իշխանությունը զավթում է, հասկանում է, որ ինքը հանցագործություն է արել` դրանից բխող ածանցյալ հանցագործություններով: Եվ իր հիմնական թիրախներից մեկը դառնում է իշխանություն պահելը, որովհետև իշխանությունից զրկվելը բերելու է պատիժների, հատուցման, պատասխանատվության: Իշխանությունը պահելու գործիքների մեջ, ի թիվս շատ ու շատ բաների (ընտրություններ կեղծել, ԶԼՄ-ների տիրապետել և այլն), հասկանալի է, որ կան նաև ընդդիմությանը թույլ, մասնատված պահելու մեթոդները: Այս գործիքները միայն մեր տեսակի երկրների իշխանության ձեռագիրն են:
-Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս ձայները շատ արագ փոշիացրեց` չկարողանալով դրանք վերածել քաղաքական կապիտալի: Ձեր կարծիքով` դա քաղաքական ապաշնորհությա՞ն արդյունք էր:
-Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված քվեներն իր անձնական վարկանիշի քվեները չէին: Դա դժգոհության կամ բողոքի քվեն էր, որ ընտրողները որոշեցին տալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր օգտին տրված իրական քվեներով հաղթել է Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերում է ձայները փոշիացնելուն, Րաֆֆի Հովհաննիսյանը չունի քաղաքական այն փորձառությունը, ինչ ունեին ընդդիմադիր այլ կուսակցություններ: Բազմաթիվ մարտավարական և ռազմավարական սխալների արդյունքում շատ մարդիկ, ովքեր ձայն էին տվել այս թեկնածուին և հույսեր էին կապում նրա հետ, որոշակի հիասթափություն ապրեցին: Բայց դրանից Սերժ Սարգսյանի վարկանիշը ոչ մի կերպ չի աճում: Հիմա, կարծում եմ, շատերը շատ ավելի վճռական են Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու հարցում, քան առաջ էր:
-Իսկ կա՞ ընդդիմադիր այդ ուժը:
-Ընդդիմադիր քաղաքական այդ ուժը, որպես այդպիսին, չկա, ես խոսում եմ հասարակական տրամադրությունների մասին: Իսկապես շատ դժվար է, երբ ռեժիմը պատրաստ է քո դեմ բանակ հանելու, դրա դեմ չկան ծրագրեր, որոնք սահմանադրական եղանակով կհանգեցնեն իշխանափոխության: Ցավոք, առայժմ ո՛չ այդ ուժն եմ տեսնում, ո՛չ էլ այդ ծրագիրը: Միևնույն ժամանակ նկատում եմ, որ Սերժ Սարգսյանը, նրա թիմը մի առանձին աշխարհի մեջ են փակված: Իրենք իրենց կյանքով, միջոցառումներով են ապրում: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ այն տոկոսներին, որ ինքը ստացել է տարբեր քաղաքներում: Գուցե նրանից թաքցրել են: Սա, իհարկե, արդարացում չէ այդ վարքաբանության, բայց ժողովրդի և իշխանության միջև եղած անջրպետը գնալով խորանում է և ամիսներ հետո կարող է հանգեցնել ավելի ծանր ճգնաժամի, քան այն, ինչ ունենք հիմա:
-Ընդդիմադիր դաշտում եղած բացը, կարծես, փորձում են լրացնել քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները: Որքանո՞վ են այդ շարժումներն ունակ դրան:
-Չեմ կարծում, թե քաղաքացիական շարժումները նպատակ ունեն ընդդիմադիր դաշտի բացը լրացնելու: Գուցե քաղաքացիական նախաձեռնություններից մի քանիսը միավորվեն, վերածվեն կուսակցության և պայքար մղեն իշխանության համար, ինչի հեռանկարները ես առայժմ չեմ տեսնում: Քաղաքացիական շարժումների ակտիվացումը ցուցանում է երկրում առկա խնդիրների մեծ թիվը: Կարիքն է նրանց ստիպում: ՈՒղղակի հասունացել է պահը, մարդիկ համոզվել են, որ այսպես շարունակվել չի կարող: Այս տեսակ այլանդակ ճգնաժամերի մեջ նման անհեթեթ, անգրագետ կառավարման սխալներ թույլ տալ չի կարելի: Արտաքին մի մարտահրավեր, բնական աղետ կարող են ջարդել երրորդ հանրապետության մեջքը: Ես չեմ տեսնում, թե իշխանությունը մտածում է այս մասին:
-Շիրակի մարզպետի փոփոխությունից հետո մարզում, Գյումրիում ինչ-որ տրամադրություն փոխվե՞լ է:
-Ես տեղյակ եմ, որ նորանշանակ մարզպետը հնարավոր ուսումնասիրությունների մեջ է: Մարզի տնտեսական, սոցիալական, հասարակական, ճանապարհաշինական, հաղորդակցության ոլորտների իրավիճակն է խորությամբ ուսումնասիրում: Հանդիպում է ամենատարբեր խմբերի մարդկանց հետ, փորձում է հասկանալ այն իրավիճակը, որտեղ ինքը եկել է աշխատելու: Չեմ կարծում, թե նա հրաշքներ է գործելու իր լիազորություններով, համայնքային բյուջեներով կամ մարզպետարանին հատկացվելիք գումարներով: Համենայն դեպս, մարդու համբավը շատ դրական է, որևէ բացասական բան առայժմ Գյումրիում չեմ լսել: Ակտիվ փոսային նորոգման աշխատանքներ են սկսել քաղաքում համայնքային բյուջեի և պետությունից հատկացված գումարներով: Սա է տեսանելի փոփոխությունը: Ինտենսիվ ուսումնասիրությունների փուլում են, և չի բացառվում 2-3 ամսից իրական արդյունքներ տեսնենք:


Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ